
Weekends.am –ը առաջարկում է Սուրբ Վալետինի օրվա առթիվ այսօր ձեր սիրելիներին մատուցել համեղ անակնկալ։ Եթե որոշել եք երեկոն անկացնել տանը, ուրեմն այս տարբերակը ձեզ համար է։
Պատրաստում ենք ելակի խյուսով պանակոտա
Անհրաժեշտ է՝
1 ճաշի գդալ ժելատին
300 մլ սերուցք
4 ճաշի գդալ շաքարավազ
1 պտղունց վանիլինի փոշի
250գ ելակ․ տրորած, հավելյալ մի քանի հատ ամբողջական ելակ
Փոքր ջերմակայուն ամանի մեջ 2 ճաշի գդալ ջուր ենք լցնում և ավելացնում ժելատինը։ 3-5 րոպե թողնում ենք, որ թրջվի։
Կաթսայի մեջ մեկ քառորդով ջուր ենք լցնում և հասցնում եռման, այնուհետև վերցնում կրակի վրայից։
Ժելատինով թասը տեղավորում ենք եռման ջրով կաթսայի վրա և թողում մինչև ժելատինը տարրալուծվի։
Այդ ընթացքում երբեմն-երբեմն թափահարում ենք թասը։
Մեկ այլ կաթսայի մեջ, միջին բարձրության կրակի վրա խառնելով, եփում ենք սերուցքը 2 ճաշի գդալ շաքարավազի հետ։
Եռման հասնելուն պես կրակը թուլացնում ենք և խառնելով եփում, մինչև շաքարը լրիվ լուծվի։ Այնուհետև կրակն աջատում ենք և ավելացնում վանիլինի փոշին, ապա դանդաղորեն՝ ժելատինը։
Խառնուրդը լցնում ենք կաղապարների մեջ և թողում ենք, որ ամբողջովին հովանան։ Ծածկում ենք նրբաթիթեղով ու առնվազն 3 ժամ պահում սառնարանում։
Այդ ընթացքում ելակը լցնում ենք էլեկտրական խառնիչի մեջ և խառնում ենք մինչև հարթ խյուս ստացվելը։
Ըստ ճաշակի՝ 1-2 գդալ շաքարավազ ենք ավելացնում, ծածկում ենք ու դնում մի կողմ։
Մատուցելուց առաջ կաղապարները նախ պետք է ընկղմել եռման ջրի մեջ ու ակնթարթորեն հանել։
Այնուհետև վրան մատուցելու ափսե ենք դնում, թափահարում և շուռ տալիս։
Այս գոծողությունները մեկ կաղապարի հետ ավարտելուց հետո անցնում ենք հաջորդին։
Յուրաքանչյուր ափսեի մեջ պանակոտայի կողքին ելակի խյուս ենք լցնում և ձևավորում ելակով կամ այլ հատապտուղներով։
Պանակոտան իտալական աղանդերային խոհանոցի դասական կրմներից է։
Սիրելի՛ տղամարդիկ, այս աղանդերը կարող եք պատրաստել դուք ձեր սիրելիին զարմացնելու համար․ նա հաստատ կգնահատի ձեր ջանքերը։
Հաճելի և համեղ երեկո․․․։