Ընդամենը 5-6 ժամ ու դու արդեն այլ աշխարհում ես…Թբիլիսի

Home Forums Իմ օրագիրը Ընդամենը 5-6 ժամ ու դու արդեն այլ աշխարհում ես…Թբիլիսի

Viewing 1 post (of 1 total)
  • Author
    Posts
  • #4629
    Marta
    Participant

    Ընդամենը 5-6 ժամ ու դու արդեն այլ աշխարհում ես. այլ կլիմայական պայմաններ, ուրիշ գույներ, ուրիշ ձայներ, բոլորովին ուրիշ համ ու հոտ, անբացատրելի զգացողություններ: Չորս զգայարաններդ էլ սկսում են այլ կերպ ընկալել աշխարհը:

    Այստեղ գենետիկ հիշողությունդ փոխվում է ամեն այցելությունից հետո ու ամեն անգամ նոր տպավորություններով ու զգացողություններով է վերազինվում: Առհասարակ, երբ ճամփորդության վայր եմ ընտրում,  կամ քաղաք հանգստանալու համար, աշխատում եմ նույն վայրը չլինի, որ նոր բան տեսնեմ, սովորեմ ու փոխանցեմ, բայց Թբիլիսիի դեպքում դա չի գործում:

    Ճամփորդական այս հաշվետվության մեջ կփորձեմ ներկայացնել չորս զգայարաններիս ընկալածը:

    Տեսողություն

    Առաջին բանը, որ տեսնում ես Թբիլիսի մտնելիս դա ոսկեգմբեթ Սամեբան է, որ կարծես բազմած է սարերի գլխին ու հսկում է քաղաքը բոլոր կողմերից:

    Ապա տեսարանն անմիջապես փոխվում է ու սկսում ես աջ ու ձախ նայել: Հատկապես աջ կողմից աչքդ չես կարողանում կտրել՝ Կուր գետն է: Իմ տարերքը ջուրն է, սիրում եմ ծովը, լիճը, գետը… ջրափերին տիրող միկրոկլիման խենթացնող ազդեցություն է ունենում ինձ վրա.կարող եմ նայել ջրավազանին, լսել ջրի ու քամու իրար հետ խառնվող ձայն ու անջատվել աշխարհից:

    Երբ կրկին վերադառնում եմ իրականություն, հասկանում եմ, որ շատ քիչ բան է պետք մարդուն իրեն մի քանի րոպե այլ աշխարհում զգալու համար: Կուրի հմայքն այլ է, այն հոսում է քաղաքի ողջ երկայնքով, որը քաղաքը կիսում է Կուրի աջ ու ձախ մասերի:

    Քանի որ քաղաքը կիլոմետրերով ձգվում է գետի ափով, քաղաքի երկու մասերը միմյանց հետ կապվում են կամուրջներով: Ես երբեք չեմ հաշվել այդ կամուրջները, բայց վստահ եմ, որ շատ են: Թիֆլիսում գտնվելու օրերին մենք շատ ենք անցել այդ կամուրջներով, որոնց վրա կարող եք հանդիպել մեզ պես հարյուրավոր մարդկանց. ոմանք պարզապես անցորդներ են, մյուսներն ուղղակի նկարվում են գեղեցիկ տեսարանի առջև, երրորդներն ինձ պես սիրահարված նայում ու լսում են ջրին:

    Տեսնելու բան շատ կա, այս զգայարանս շատ է լարվում այդ հինգ օրերի ընթացքում, հատկապես, որ փորձում եմ տեսածս պատմել սովորողներիս, զրուցել նրանց հետ, իրենց տեսածի ու ընկալածի մասին: Նախանձն ինձ սպանում է ներսից, երբ քայլում եմ կանաչի միջով, անհագ շնչում կանաչից եկող թթվածինն ու ափսոսանք ապրում, որ իմ երկրում կանաչի հանդեպ ուրիշ վերաբերմունք ունեն. կանաչ տարածքները մեր երկրի իշխանավորների համար ավելորդ բեռ են ու ծախս: Նրանք այդ բեռից ազատվելու ելքը գիտեն, շատ արագ վերացնում են, տեղում մի շքեղ հյուրանոց կամ նորաոճ ժամանցի վայր են կառուցում ու բոլորն էլ գոհ են լինում:

    Քաղաքի դեմքը… վրացական շորերով խանութպանն է, երկրի ամենատարբեր խորհրդանիշներով հուշանվերների գողտրիկ խանութները, գույնզգույն պանշգամբները, որոնք կանչում են քեզ, աչքդ չես կարողանում կտրել, անտարբեր անցնել:

    Հայկական Թիֆլիսն է նաև քաղաքի դեմքը, որը զգացողություններդ անմիջապես փոխում է: Հավլաբար՝ հայկական թաղամաս, այստեղ է գտնվում Խոջիվանքի պանթեոնը, որտեղ թաղված են հայոց մեծերը: Խոջիվանքից մինչև Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի մի քանի հարյուր մետր է: Թիֆլիսի միակ գործող հայկական եկեղեցին Սուրբ Էջմիածինն է:  Ամաղլեբա պողոտա. դեմ դիմաց շենքերում են ապրել Հովհաննես Թումանյանն ու Արմեն Տիգրանյանը: Թբիլիսիում քայլելիս չես կարող մոռանալ Շոթա Ռուսթավելիի անունը կրող երկար փողոցը: Այս փողոցի վրա է տեղակայված հայ նավթարդյունաբերող Արամյանցի չորսհարկանի հսկայական տունը` այսօր վերածված «Մարիոթ» հյուրանոցի: Ռուսթավելի պողոտան սկսվում է Ազատության հրապարակից, որին շատերը շարունակում են կոչել Երևանյան հրապարակ: Երբ 19-րդ դարի սկզբին ռուսական զորքերն ազատագրեցին Երևանը, Թիֆլիսում գտնվող ռուսական զորքերի հրամանատար Պասկևիչը կարգադրեց Թիֆլիսի կենտրոնական հրապարակը անվանել Երևանի անունով:

    Համն ու հոտը

    Հայկական խոհանոցով կարող ենք զարմացնել. ծիսական ու ավանդական ուտեստները մեր ճաշացանկում կարևոր տեղ ունեն: Համն ու հոտը ուրիշ են:Երկրի սահմաններից հենց դուրս ես գալիս, փոխվում է նաև համն ու հոտը: Ամեն ժողովուրդ ունի իրեն բնորոշ ուտեստներ, որոնք անպայման ուզում ես փորձել, երբ հայտնվում ես մի երկրում: Վրացական գրեթե բոլոր ուտեստներն ունեն կծու և սուր համ։ Նրանք շատ են օգտագործում բանջարեղենային ուտեստներ և որպես լրացում, օգտագործում մսային ուտեստ։ Ձկնատեսակներ հազվադեպ  կհանդիպեք վրացական խոհանոցում: Բայց խինակլին, խաչապուրին,օաջախուրին ու խարչոն հայտնի են բոլորին:

    Լսողությունը

    Ականջիդ սովոր հայերենը փոխվում է, սկսում ես լսել մի քանի տարբեր լեզուներով քեզ հետ խոսող մարդկանց, փորձում ես լսել ու հասկանալ:Վրացերեն, ռուսերեն, անգլերեն,կիսատ-պռատ հայերեն: Առաջին մի քանի ժամը դժավար է անցնում, ձայների ու բառերի անհասկանալիությունից գլուխդ սկսում է պտտվել, բայց արդեն երկրորդ օրվանից սկսում ես հաշտվել  ու սիրել այդ լեզվախաղը: Երևանում լեզուներին ավելի լավ են տիրապետում. երիտասարդները և՛ անգլերեն են խոսում ու հասկանում, և՛ ռուսերեն:

    Այս երկրում հաճելի է լսել նաև վրացական երաժշտության ելևէջները, որը ստիպում է տեղումդ նստած անկանոն շարժումներ անել, ժպտալ, ծափ տալ:

Viewing 1 post (of 1 total)
  • You must be logged in to reply to this topic.