«Քեզ կտանեմ իմ տուն, հաց կտամ, շոր կառնեմ»․․․․․Ճիշտ է շատ գրավիչ առաջարկ էր, բայց հրաժարվեցի․ Շրի Լանկայի արկածները շարունակվում էին

Home Forums Իմ օրագիրը «Քեզ կտանեմ իմ տուն, հաց կտամ, շոր կառնեմ»․․․․․Ճիշտ է շատ գրավիչ առաջարկ էր, բայց հրաժարվեցի․ Շրի Լանկայի արկածները շարունակվում էին

Viewing 1 post (of 1 total)
  • Author
    Posts
  • #3849
    Marta
    Participant

    Հանգիստը Շրի Լանկայում կարճ կարելի է բնութագրել այսպես. հեռու աղմուկից ու անցուդարձից և մոտ ծովին ու բնությանը: Այստեղ տեսարժան վայրերն էլ բնական են, էկզոտիկ: Այս երկիրը նրանց համար է, ովքեր ուզում են ձուլվել բնությանը, դրա հետ մեկտեղ համաշխարհային մշակույթն ուսումնասիրելու մեծ ցանկություն ունեն: Չէ որ Շրի Լանկայի հնագույն պատմությունը շատ հարուստ է:

    Այստեղ ոչ մեկը չի շտապում, բոլորը հանգիստ են, խաղաղ: Երկրին յուրահատուկ գույն են հաղորդում ազգային հագուստով (սարի) կանայք:

    Այդ տեսարանը միայն հնդկական ֆիլմերում ենք տեսել. թմբլիկ կանայք, որոնց սարիի բաց մասից երևում էր մարմինը, զարդարված ոսկյա ամենատարբեր զարդերով, ականջներին Գանեշա աստծո պատկերով օղեր, գիրկները երեխա, հետևից էլ մյուս երեխաները: Ավելի գրավիչ տեսարան էր, երբ տեսա մոտոցիկլի վրա նստած ընտանեկան մի զույգի. ամուսինը առջևում, կինը ետևում՝ գրկին էլ նորածին երեխան, ում կրծքով կերակրում էր: Մինչև հիմա աչքիս առաջ է այդ տեսարանը:

    Շրի Լանկայում երթևեկությունը աջակողմյան է, փողոցներում վեր ու վար են անում արագընթաց ռիկշաները, որոնց այստեղ տաքսի տուկ-տուկ են անվնում: Դրանք երկրի կոլորիտն են՝ կարմիր, կապույտ ու կանաչ գույներով:

    Մեջը նստած՝ քեզ կառքում ես զգում, պարզապես այդ կառքն այնքան արագ է սլանում, մեկ էլ կտեսնես մայթերին բարձրացավ, մեկ էլ  ինչ-որ փողոց մտավ:

    Ռիքշայի վարորդներն էլ յուրահատուկ բիզնեսմեններ են: Քաղաքի բոլոր տեսարժան վայրերի տեղերը գիտեն, ու որ հարցնում ես ինչպես գնալ, այնպես են բացատրում, որ ստիպված ասես՝ դուք տարեք: Այդպիսի մի տուկ-տուկով գնացինք մայրաքաղաք Կոլոմբո:

    Կոլոմբոն տիպիկ ասիական մայրաքաղաք է. միաժամանակ և՛ ժամանակակից մեգապոլիս է, և՛ մշակութային գանձարան: Փողոցների աղմուկը, ծովափերի խաղաղությունը, գաղութային շրջանի շինությունների էլեգանտությունն ու ժամանակակից երկնաքերների զսպվածությունը խառնվել են մի ամբողջության մեջ, որը կոչվում է Կոլոմբո:

    Մայրաքաղաքից հետո հաջորդ քաղաքը, որ ուզում էինք տեսնել՝ Գալեն էր, որը քաղաք-նավահանգիստ է Շրի Լանկայի հարավ արևմուտքում: Նախկինում եղել է խոշոր առևտրային, իսկ հիմա տուրիստական քաղաք: Չնայած որ քաղաքը ծովափին է, այն լողափնյա հանգստավայր չէ:

    Գալեի ճարտարապետությունը շատ է տարբերվում երկրի մյուս քաղաքներից: Քաղաքը 16-րդ դարում հիմնվել է պորտուգալացիների կողմից: Գալեում իրար են խառնվել արևմուտքի ու հարավ արևելքի ավանդույթները՝ ստեղծելով ոճերի յուրօրինակ խառնուրդ: Արդեն 17-րդ դարում Գալեն դարձել է հոլանդական գաղութ, անունն էլ մնացել է նրանցից:Ճիշտ է քաղաքներն իրենց հետաքրությունն ու գրավչությունն ունեն, բայց Շրի Լանկա գնալ ու լեռնային շրջանները չտեսնել, դա անհնար է: Բայց ու՞ր գնալ: Հայերի մեր արկածասեր խումբն արդեն մի քանի օր է քննարկում էր, թե ուր կարելի է գնալ: Ուզում էինք շատ բան տեսնել, գումար քիչ ծախսել: Քննարկումները սկսվում էին առավոտյան նախաճաշին, շարունակվում՝ լողափին, ավատվում՝ երեկոյան նախասրահում: Ախր Կանդին սուրբ քաղաքն է, ոնց չգնանք, չէ որ այդտեղի տաճարում է Բուդդայի ատամը, բայց ես փիղ եմ ուզում նստել, գանք հասնենք այս երկիր ու փիղ չնստենք. այսպես երկար-բարակ ամեն մեկս մեր ցանկությունն ու նախասիրություններն էր ասում:

    Մեզ միանում էր Լալիֆը՝ վարորդ-գիդը, ու սկսում էինք միասին հաշվել ծախսը: Էս մեր Լալիֆին հենց մի նոր վայր էինք ասում, մի քանի րոպե լռում էր, աջ ու ձախ անում, մտքում հաշվում, հետ էր գալիս ու մի գին ասում: Դե մենք էլ մի լավ սակարկում էինք: Վերջապես եռօրյա քննարկումներն ու սակարկումներն ավարտվեցին, որոշել ենք՝ գնում ենք փղերի ապաստարան, թեյի պլանտացիա ու Ռամբոդա ջրվեժը տեսնելու:

    Լուսաբացին՝ ժամը 5-ին, ճամփա ընկանք: Առաջին կանգառը փղերի ապաստարանն էր: Մի բան է երևանյան կենդանաբանական այգում փիղ տեսնել, այլ բան կենդանուն տեսնել իր միջավայրում: Էլ ավելի զվարճալի է, երբ փորձում ես մագլցել փղի վրա ու նրա ամեն ոտքի քայլի հետ զգալ, որ շուռ ես գալու և կընկնես այդ բարձրությունից: Փղի վրայի պտույտն անցավ բարեհաջող, և մենք շարունակեցինք մեր ճանապարհը:

    Մեր քննարկումների ժամանակ առաջին վայրը, որ հանել էինք ցանկից, դա թագավորական բուսաբանական այգին էր. մտածում էինք՝ դե ծառ է էլի: Ճիշտ էլ արել էինք: Դեպի լեռնային շրջաններ ողջ ճանապարհն անցնում էր բնական ջունգլիներով՝ շոկոլադի ծառ, հացի ծառ, ծառից ծառ թռչկոտող կապիկներ: Թվում է, թե թույլ զարգացած և հետամնաց երկիր է և ճանապարհները լինելու են սարսափելի: Հավատացեք այստեղ ընտություններն իրենց գործն արել էին նույնիսկ լեռնային շրջաններում, հարթ ու արագասլաց ճանապարհներ, որ հարյուրավոր կիլոմետրեր անցնում ես, չես էլ զգում: Բնական ջունգլիները փոխարինվեցին Նուվարա Էլիա տարածաշրջանի թեյի պլանտացիաներով:

    Դա աննակարգրելի տեսարան է՝ հավասարաչափ, իրարից բաժանված տունկեր, որոնք գրավում էին ամբողջ բարձունքը: Իսկ թեյ հավաքող կանայք ուղղակի հրաշք են: Նրանց վզից կախված է մի մեծ պարկ, թեյը քաղում են ու քցում մեջը:  Զարմանալի է, բայց այս տեսարանը իրական կյանքից մի հատված էր: Ցեյլոնը թեյի հայրենիքն է, այստեղից է մեր սեղանին հայտվում անգլիական թեյը: 

    Ամեն անգամ այս ճամփորդությունը համեմատում եմ ֆիլմի հետ: Այն ինչ այստեղ սովորական է, մարդկանց ապրելակերպն է, մեզ համար խորթ է, անբացատրելի է, որը  տեսել ենք միայն ֆիլմերում:

    Լեռնային ճանապարհը տարավ դեպի բնության մեկ այլ հրաշքի հետ հանդիպման: Շրի Լանկայում հարյուրից ավելի ջրվեժներ կան, իսկ Նուվարա Էլիա տարածաշրջը ռեկորդակիր է: Հասանք Ռամբոդա ջրվեժին: Ջրի խշշոցը խլացնում է ու աշխարհից վերացնում:

    Հետադարձի ճանապարհին կանգ առանք  Կոտմայե Օյա գետի մոտ: Ճոճվող կամուրջը կապում էր գետի երկու ափերը: Մենք մեծ զգուշությամբ էինք առաջ գնում,մեկ էլ տեղացիները դմփ-դմփոցով ու արագությամբ, կամուրջը ճոճելով անցնում էին մեր կողքով:

    Գետի վրա կառուցված էր մի փոքրիկ սրճարան, որտեղ համտեսեցինք տեղական ուտեստներից՝ բրնձի ալյուրից պատրաստված նրբաբլիթ, հետն էլ չիլի բիբարով պատրստված կծու պաստա:

    Օրը շատ հագեցած էր, շուրջ 700 կիլոմետր ճանապարհ և 1900 մետր բարձրություն:

    Վերջ ժամանակն է վայելելու օվկիանոսը, հերիք է ինչքան ման եկանք: Շրի Լանկայում օգոստոսը ձմռան ամիսներից է, ամպամածությունը մեծ է, բայց օդի ջերմաստիճանը միշտ բարձր է 30 աստիճանից, բարձր է նաև օվկիանոսի ալիքը:

     

     Բարձր ալիքի ժամանակ չի թույլատրվում ջուրը մտնել: Ափին երկու կարմիր դրոշակ կա, որոնք եթե տեսնում եք, ուրեմն չի կարելի լողալ:

    Դե մեր՝ հայերիս համար այդ դրոշակներն ուղղակի ողջույնի նշան էին ու մենք՝ ցամաքի բնակիչներս, եկել ենք հասել օվկիանոսի ափ, որ ջուրը չմտնե՞նք, դա չլսված ու չտեսնված բան է: Հյուրանոցի հազարավոր հանգստացողները միայն նկարվում էին ափին, իսկ հայերի մեր 15 հոգանոց խումբը ջրի միջից դուրս չէր գալիս: Օվկիանոսի ալիքը շատ ծանր է ու հզոր, այն մեծ բարձրությամբ առաջ է գալիս ու քաշում իր հետ տանում է, ուստի պետք է շատ զգույշ լինել:

     

    Մեր ճամփորդության մի մասն էր կազմում Լալիֆը: Վերջին օրերին ինձ ասում է.«Ըհն դու արդեն իմ գույնն ունես, անունդդ էլ կդնենք Սուառնա, քեզ կտանեմ իմ տուն, հաց կտամ, շոր կառնեմ»: Ճիշտ է շատ գրավիչ առաջարկ էր, բայց հրաժարվեցի:

     

    Շրի Լանկայում տուրիզմը զարգացած չէ: Այստեղ չեք տեսնի հուշանվերների խանութներ, ծովափնյա սրճարաններ: Բայց դա չի խանգարում վայելել կուսական բնության հրաշքը: Այսպիսի երկրում պետք է մի անգամ լինել:

    Ճամփորդությունից հետո մնում են տպավորությունները, լուսանկարներն ու լավ ընկերները: Ուրախ եմ, որ ծանոթացանք Աննայի ու Շուշանի հետ, ովքեր դարձան մեր ճամփորդական հիշողությունների մի մասը:

Viewing 1 post (of 1 total)
  • You must be logged in to reply to this topic.