Աշունը Պետերբուրգում․ երազանքների շարքից

Home Forums Իմ օրագիրը Աշունը Պետերբուրգում․ երազանքների շարքից

Viewing 1 post (of 1 total)
  • Author
    Posts
  • #4330
    Marta
    Participant

    Երբեք կյանքն այսքան շռայլ չէր գտնվել իմ հանդեպ: Աշունը Պետերբուրգում երազանքների շարքից է, որոնք անկատարների թվին էի դասել ու ահա, այ քեզ հաջողություն, հրաշքներ լինում են: Ընդամենը 3-4 ժամ ու դու արդեն այլ ժամային գոտում ես, այլ կլիմայական պայմաններում, այլ իրականությունում: Երևանյան ջերմ ու արևոտ օրերն անմիջապես փոխարինվեցին ամպամածությամբ,  իսկ չորությունը՝ խոնավությամբ:

    Ինքնաթիռից արդեն զգում էի այս երկրի հզորությունը՝ անծայրածիր անտառներ, ափերը ողողող ծովեր ու ծոցեր: Այդքանն էլ հերիք է բնությունից՝ հզորանալու համար:

    Հյուսիսային մայրաքաղաքի ուժն ուրիշ է՝ մոխրից վերածնված մի քաղաք, որտեղ ամեն քայլի պատմություն է, մշակույթ, ուրույն ճարտարապետություն՝ եվրոպական դիմագծերով:

    Թագավորական պալատներ, ոսկեգմբեթ  եկեղեցիներ և իհարկե քաղաքի հմայքը՝ 48 գետեր և ջրանցքներ, որոնք կամուրջների միջոցով կղզյակներ են ստեղծում ու քաղաքը բաժանում տարբեր հատվածների:

    Կամուրջների մասին չխոսելն անհնար է, բոլորին են հայտնի բաժանվող կամուրջները, որոնք բացվում են գիշերը ժամը մեկից սկսած ու հնարավորություն են  տալիս հսկա նավերին  Բալթիկ ծովից Նեվայով անցնեն եվրոպական շրջանները:Նավերը փակվում են լուսաբացին մոտ:

    Կամուրջների բաժանումը անբացատրելի սիրուն է: Քաղաքի լույսերը արտացոլվում են ջրի մեջ և տեսարանն ավելի գունեղ դարձնում: Երեկոյի իջնելուն պես քաղաքը թաթախվում է լույսի մեջ:

    Սիրում եմ այսպիսի քաղաքները, որտեղ պատմությունն ամենուր է:

    Պետերգոֆ. կարծես ժամանակի մեքենան տեղափոխեց այլ ժամանակաշրջան և ուր որ է ֆիննական ծոցից ջրանցքով կանցնեն նավերը ու կկայանեն պալատի առջև ու կիջնի թագավորն իր նազիր վեզիրների ուղեկցությամբ:  Մի քիչ էլ առաջ շարժվես՝ կանաչի մեծ  կորած այգում կհանդիպես թագուհուն, ով վեհ կեցվածքով քայլում է՝ վայելում ծոցից եկող մեղմ քամին: Ժամանակն այստեղ կանգնած է՝ թագավորական կյանքի շքեղությունն ակնառու է ամենուր:

    Պատմությունն է կերտել քաղաքը ու կարևոր է, որ ժամանակակիցները չեն վերացրել ճարտարապետական դեմքը:

    Բարձրահարկ նորակառույցներ չեք հանդիպի քաղաքում, դրանք ծայրամասում են տեղակայված: Կենտրոնական թաղամասերի տներում ապրում են բնիկ պետերբուրգցիները: Այդ տները հիմնականում հանրակացարաններ են առանց հարմարությունների: Բայց գիտեք ամենահավեսը որն էր, երբ այդ շենքերի տանիքներով Կառլսոնի պես ման ես գալիս:

    Տեսարան է, այ քեզ հրաշք, վտանգն էլ ուղեկից. բա որ սահես ու ընկնես, բայց արժեր այդ վտանգը զգալ, ծխնելույզից ծխնելույզ անցնել ու քաղաքի տիրակալ երևակայել:

     

Viewing 1 post (of 1 total)
  • You must be logged in to reply to this topic.