Երբ բնականն անբնական է թվում…

Home Forums Իմ օրագիրը Երբ բնականն անբնական է թվում…

Viewing 1 post (of 1 total)
  • Author
    Posts
  • #2862
    Lus
    Participant

    Հետևելով weekends.am-ի հաճելի ու հետաքրքիր հոդվածներին՝ որոշեցի այն համալրել ևս մեկով, որը, կարծում եմ, հետաքրքիր կլինի:

    Ուզում եմ պատմել ձեզ մի վայրի մասին, որն ինձ վրա բավական տպավորիչ ազդեցություն է գործել: Այն կոչվում է «Քարերի սիմֆոնիա» կամ «Բազալտե երգեհոն»: Համարվում է բնական հուշարձան: Գտնվում է Կոտայքի մարզում՝ Երևանից 28 կմ հեռավորության վրա՝ Ազատ գետի՝ Գառնի գյուղի տարածքում գտնվող ավազանում:

    Ապա նայե´ք այս նկարին.

    Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է սա: Աստիճա՞ն, հատա՞կ, թե՞ մեկ այլ բան:  Հիմա էլ նայենք այս մյուս նկարին.

    Դե ինչ. պատկերացումը փոխվե՞ց:

    Բնության կողմից կերտված, գետի վրա կախված այդ սյուների շարանը հիշեցնում է երաժշտական գործիք` «Բազալտե երգեհոն»: Կանոնավոր վեցանկյուն գլաններից կազմված այս ժայռերը գոյացել են բարձր ճնշման պայմաններում՝ հրաբխային լավայի սառչելու և բյուրեղացման արդյունքում:

    Երբ առաջին անգամ այցելեցի այս հրաշալի վայրը, չէի կարողանում հավատալ, որ սա կարող է ստեղծված լինել բնության կողմից: Այս համաչափությունն ու աստիճանավորումը այնքան գեղեցիկ ու զարմանալի են, որ անդադար ուզում ես նայել: Անընդհատ քայլում ես ու նայում շուրջդ: Լինելով բնության գրկում, այցելելով տարբեր գեղեցիկ վայրեր՝ հաճախ կարող ես մտածել, որ ականատեսն ես բնության հրաշքի: Բայց հավատացնում եմ. անվանել այս վայրը պարզապես «բնության հրաշք» անկարելի է, քանզի այդպիսով չես կարող լիարժեք արտահայտել  այն ամբողջ բովանդակությունը, որ իր մեջ ամփոփում է աշխարհից կտրված այս քարակերտ կիրճը: Ստացված տպավորություններն անկրկնելի են:

    Հավատացե´ք, նույնիսկ անմիջականորեն այնտեղ գտնվելիս այս վայրը կարող է անիրական թվալ: Քանի դեռ չես շոշափում այս հսկա բազալտների անզուգական շարվածքը, թվում է՝ մի վիրտուալ աշխարհում ես, որտեղ ծրագրավորողը գործի է դրել իր երկրաչափական ու տարածաչափական բոլոր հմտությունները՝ ստեղծելու համար այս կատարելությունը:

     

    Սա Հայաստանի այն հրաշալի վայրերից մեկն է, որտեղ զգում ես բնության հզորությունը՝ իր ամբողջ ուժով: Ոչ մի վայրկյան չես դադարում մտածել, թե ուր որ է այս շարվածքը կփլվի կամ, ավելի ճիշտ,հանդարտորեն կսահի ներքև՝ այն նույն համաչափությամբ, ինչպիսին որ գտնվում է օդից կախված վիճակում:

    Շատ քիչ կան մարդիկ, ում կարող է դուր չգալ ջրի ձայնը, առավել ևս, երբ այն թափվում է վերևից: Ձայն, որ ի զորու է կտրել քեզ ամբողջ աշխարհից, տեղափոխել հեռու՜- հեռու՜, ցրել բոլոր բացասական լիցքերն ու մտքերը և մոռացնել ցանկացած առօրյա անհարթություն: Կմտածեք, թե ինչու՞ եմ խառնում ջրի այդ անփոխարինելի հատկությունն այս քարակերտ սիմֆոնիային: Կպատասխանեմ այս նկարի միջոցով.

    Դրական լիցքերի ահռելի գրոհ, որի ազդեցությունը չափազանց երկար է պահպանվում: Ասում են՝ ապրիլ-հունիս ամիսներին, երբ Ազատը դառնում է առավել հորդառատ, կարելի է լսել, թե ինչպես են ստորերկրյա ջրերը հատակից պոկում քարերն ու խփում իրար:

    Դե իսկ արձագանքը… դա էլ փորձեք ինքներդ պատկերացնել, թե ինչ հետաքրքիր են դառնում ձայների ելևէջները՝ ստանալով անհավասար այդ քարերից անդրադարձող թրթիռը (վիբրացիան):

    Միշտ էլ դժվար է բառերով լիարժեք ներկայացնել այն ինչ զգում ես ներսից: Թե որքանով ստացվեց ինձ մոտ՝ գնահատեք ինքներդ:

    Այնուամենայնիվ, խորհուրդ եմ տալիս անպայման այցելել այնտեղ և ականատեսը լինել այս անբնական գեղեցկությանը:  Հատկապես, որ այն այնքան էլ հեռու չէ, և բավական է ընդամենը մեկ weekend տրամադրել՝ սիրելի մարդու հետ անմոռանալի ժամանակ անցկացնելու համար:

     

     

Viewing 1 post (of 1 total)
  • You must be logged in to reply to this topic.