Վայր, որ «Второе место занимает в мире»

Home Forums Իմ օրագիրը Վայր, որ «Второе место занимает в мире»

Viewing 1 post (of 1 total)
  • Author
    Posts
  • #2346
    Mariam
    Participant

    Կան վայրեր, որ ասես աշխարհից կտրված մի նոր աշխարհ են: Եվ կարծես ավանդույթ դարձած իրենց մեջ այնքան հիշողություն են ունենում, որ ակամա առաջացնում են դրական հույզեր ու ջերմություն: Գիտեք՝ հնարավոր չէ հայտնվել այդ մի ուրիշ աշխարհում և հեռանալու պահից չկարոտել:

    Իսկ սովորաբար մենք կարոտում ենք այն, ինչը մեզ հաճելի է: Եվ ես չեմ կարծում, որ մեկ վայրում այսքան կուտակված դրական էներգիան, որ բխում է իր գրկում հյուրընկալվածների հիացմունքից ու զարմանքից, հաճելի չլինի անգամ նրանց, ում դժվար է գոհացնել: Անդրադառնալով էներգիայի կուտակմանը՝ նշեմ, որ ամենևին էքստրասենսոր ունակություններ հարկավոր չեն իրեն բնությանը մոտ համարող մարդուն զգալու համար դա:

    Դիլիջան…թերևս այն վայրերից, որի նկարագրության համար բառերը քիչ են: «Валико Джан,у нас в Дилижане в кухне открываешь простой кран, вода течет второе место занимает в мире!» :

    Սիրված ֆիլմի սիրված հատվածը միշտ հետաքրքրություն էր առաջացնում իմ մեջ գնալու և տեսնելու, վերջապես մոտ լինելու այն ամենին, ինչը «Второе место занимает в мире»: Գնալ, տեսնել, զգալ, մոտ լինելը ինձ հերիք չէր՝ ես ուղղակի սիրահարվեցի Դիլիջանի բնությանը:

    Հիմա մի փոքր պատմեմ Դիլիջանի մասին: Նախ այն գտնվում է Տավուշի մարզում՝ Աղստև գետի ափին՝ Երևանից 99 կմ հեռավորության վրա: Այցելելով Դիլիջան՝ դուք կանգնելու եք դժվարին ընտրության առաջ՝ Հաղարծին, թե Գոշավանք, Մաթոսավանք, թե Ջուխտակ վանք: Ցանկություն է առաջանալու հերթով բոլորն էլ տեսնել (ես դեռ Հաղարծինով և Գոշավանքով եմ հասցրել հիանալ): Այցելելով նրանցից որևէ մեկը՝ այնքան եք տարվելու յուրաքանչյուրի գեղեցկությամբ, որ օրը անցնելու է մեկ ակնթարթում, ու հեռանալու պահից լցվելու եք կարոտով: Բացի պատմամշակութային այս վայրերը՝ քաղաքի հյուսիսային մասում՝ 1400 մ. բարձրության վրա, գտնվում է Պարզ լիճը:

    Այժմ անցում կատարենք հենց Պարզ լճի մասին զրույցին: Հաճելի է պատմել, վերհիշել, վերապրել: Եվ այսպես՝ ես վերապրելով սկսում եմ պատմել իմ պատմությունը:

    Ճանապարհը, որը տանում է Դիլիջան, անցնում է մի քանի փուլով: Առաջին փուլը Երևանից դուրս եկող երկար մայրուղին է, որին հաջորդում է Սևանա լճի խճուղին: Ամենահետաքրքիրը նախորդ փուլերին գերազանցող երրորդ փուլն է՝ մուտքը դեպի Դիլիջանի թունել: Առաջին անգամ, երբ անցնում ես այդ թունելով, մտածում ես, որ ոչինչով չտարբերվող է, սակայն բավական է թունելը վերջանա, ու սկսվում է ակնհայտորեն ուրիշ կանաչը, որը ամենևին նման չէ երկրորդ կամ առավել ևս առաջին փուլում հանդիպած կանաչին: Շնորհիվ Դիլիջանի մաքուր ու խոնավ բնակլիմայական պայմանների՝ տեղանքը, ամբողջովին փարթամ ծառերով և բուսականությամբ, հիացնում է: Դեպի Պարզ լիճ գնացող ճանապարհը անցնում է խիտ անտառի միջով և այնքան քարքարոտ ու փոսերով է, որ ամբողջ ճանապարհին մտորում էի, թե ինչ են մտածում այս ճանապարհն անցնող 21-րդ դարի օտարերկրացիները, ինչ կարծիք են կազմում մեր մասին: Լավատես լինելով`  հույս ունեմ, որ կմտածեն, թե չենք ուզում, որ արհեստական գործոնը ազդի բնության ինքնաբուխ «գեղեցկության» վրա: Անտառը, որի միջով կանցնեք մինչ Պարզ լիճ հասնելը, կստիպի ձեզ ավելի մոտ զգալ բնությանը:

    Կհիշեք ֆիլմերում տեսած ջունգլիները, քանի որ ծառերը նույնատիպ խիտ են: Բայց միայն անտառը չէ, որ ստիպելու է ձեզ զգալ ֆիլմում, հասնելով տեղ՝ դուք կհասկանաք, որ սա կատարյալ վայր է՝ ունենալու հրաշալի օր սիրելի հետ: Պարզ լիճը իզուր չէ, որ ստացել է այս անվանումը, այն այնքան պարզությամբ է անդրադարձնում իր մեջ ընկած տեսարանը, որ չի երևում՝ որտեղ ավարտվեց ինքը՝ իրականը, և որտեղ սկսվեց արտացոլանքը: Սա նման է հենց սիրահարներին, երբ չես գտնում՝ որտեղ վերջացար դու, որտեղ սկսվեց նա:

    Անասելի ռոմանտիկ է սիրելիի հետ նստել նավակը, շրջել փոքրիկ լճակի վրա, լսել թռչունների ձայնը՝ համադրված ջրի կաթիլների հաճելի չփչփոցի հետ ու վայելել միմյանց ներկայությունը: Ամեն բան, ինչ կարող է զգալ սիրող սիրտը, կարծես կրկնապատկվում է՝ արտացոլվելով ջրի մեջ:

    Էքստրիմի սիրահարների համար, կան նաև հետաքրքիր խաղեր, Zip Line: Վայրը կատարյալ է ճամբարների համար: Ի դեպ, երբ թռչում ես Zip Line-ով, քեզ զգում ես ազատ թռչուն, որ ճախրում է ու ամեն բանի նայում վերևից: Օրվա ավարտին շատ տեղին է հայտնի Louis Armstrong-ի ՚՚ What A Wonderful World ՚՚ արտահայտությունը։

    Ես շնորհիվ իմ սիրելիի կազմակերպած անակնկալի ունեցա հրաշալի օր և խորհուրդ եմ տալիս բոլոր սիրահարներին լինել այստեղ: Իսկ Հաղարծինի ու Գոշավանքի մասին դեռ կպատմեմ։

     

Viewing 1 post (of 1 total)
  • You must be logged in to reply to this topic.