Home › Forums › Իմ օրագիրը › Ամուլսարը սար է, այս փաստի հետ պետք է հաշվի նստել…
Tagged: Ամուլսար
- This topic has 0 replies, 1 voice, and was last updated 1 year, 7 months ago by
Marta.
-
AuthorPosts
-
18 Սեպտեմբերի, 2019 at 18:56 #4099
Marta
ParticipantԲոլորը գիտեն, որ ջուրն է իմ տարերքը, ջրի ափին եմ երջանկությունս գտնում, բայց լեռների հզորությունն այլ է: Երբ կանգնած ես բարձունքին ու շուրջբոլորդ բարձրաբերձ լեռներ են, գերբնական ուժ է փոխանցվում, զորեղ ես քեզ զգում:
Հայաստանի տարածքի 90 տոկոսը գտնվում է ծովի մակարդակից 1000 մետր բարձրության վրա: Այն երկրաբանական թանգարան է, որտեղ կարելի է գտնել գրեթե բոլոր հանքային ապարների տեսակները, որոնք կազմում եմ մեր մոլորակի կեղևը: Այդ ապարներն էլ մեր լեռները դարձրել են խոցելի, հանքարդյունահանողների համար՝ ցանկալի ու գրավիչ:
Ոսկու տենդը վերջին տարիներին համակել է Հայաստանի լեռներից մեկին, որի մասին շատ քիչ բան գիտեինք, շատերը նույնիսկ անունը չգիտեին, բայց այսօր այն միջազգային ճանաչում է ստացել՝ Ամուլսար: Սարը գտնվում է Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին, Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիսային մասում: Բարձրությունը 2987 մ է։
Կրթահամալիրի Ավագ դպրոցի սովորողների ու շրջանավարտների մի խմբով Գիտելիքի օրը անցկացրեցինք բնապահպանական այդ թեժ կետում: Գնդեվազից բեռնատարով սկսեցինք մեր վերելքը, իսկ կարմիր ջուր կոչվող աղբյուրի ակունքից սկսեցինք բարձրանալ ոտքով: Սարը այդ կողմից բարձրանալն այդքան էլ հեշտ չէր. թեքությունը մեծ է, քարացրոններն ամենուր են, վեր բարձրանալուց դրանք փոխարինվում էին փշոտ բարձր խոտերով, որն ավելի էր դժվարացնում վերելքը: Ճանապարհին երևում էին ցիանային լվացման հարթակները, պահակակետերը, սարի պահապանների պոստերը: Շուրջդ լեռներ են, լեռներ, որոնց ուժը քեզ է փոխանցվում ամեն քայլ անելիս: Աղմկոտ սեբաստացիների ձայները մերթընդմերթ ընդհատվում էին ու իշխող էին դառնում բնության ձայները:
Մեզ ուղեկցող գնդեվազցի Գագիկը շատ բան գիտեր սարի, հանքի ու գյուղի կյանքի մասին: Ասում է աշխատել է Լիդիանում, հետո հասկացել, որ դա ժամանակավոր աշխատանք է, որ հանքի փակվելուց հետո մնալու են անգործ: Ասում է. «Այստեղ միայն ոսկին չէ, դեռ խորհրդային տարիներից էլ խոսվում էր, որ ուրան կա հանքում: Հանքի շահագործմանը ողջ գյուղով դեմ են: Նախկինում սխալվել են, հիմա հստակ են իրենց դիրքորոշման մեջ, հանքը բացել չի կարելի, դա ողջ Հայաստանի աղետը կլինի»:
Սովորողների այս խմբի համար սեպտեմբերի 1-ը հիշարժան է լինելու: Գիտելիքի օրը հենց այսպիսին պետք է լինի՝ ճամփորդությամբ ուսուցում, բնապահպանական պարապմունք, համադրելու և հակադրելու լայն հնարավորություն:
Ես մի բանում համոզված եմ, որ այդքան փոքր տարածք ունեցող երկիրը հանքերով խեղդելու իրավունք չունենք: Սարից է սնվում մարդը, լեռնային սառնորակ աղբյուները սարերից են բխում, սարերի ուժը պետք չէ թերագնահատել…
Ամուլսարը սար է, այս փաստի հետ պետք է հաշվի նստել…
-
AuthorPosts
- You must be logged in to reply to this topic.