Ամբերդը` իր չբացահայտված կողմերով

Home Forums Իմ օրագիրը Ամբերդը` իր չբացահայտված կողմերով

  • This topic has 1 voice and 0 replies.
Viewing 1 post (of 1 total)
  • Author
    Posts
  • #1716
    Mariam
    Participant

    Հետաքրքիր պատմություն Ամբերդի մասին, որ գուցե գտնվում է զրույցների ու լեգենդների բաժնում, սակայն հետաքրքրիր կլինի բոլոր նրանց համար, ովքեր պլանավորել են այցելել այս հրաշալի վայրը:


    Ամբերդը միջնադարյան բերդաքաղաք և ամրոց է, որը կառուցվել է X դարում պատմական Արագածոտն գավառում՝ Բյուրական գյուղից 7 կմ հյուսիս եռանկյունաձև հրվանդանին, 2 300 մ բարձրության վրա: Նշեմ, որ ես իմ մանկությունը անց եմ կացրել Բյուրականում և բազմիցս այցելել եմ այս վայրը:


    Հիշում եմ, երբ փոքր էի ու առաջին անգամ այցելեցի Ամբերդ՝ պարսպի մոտ 1026 թվականին կառուցված Վահրամաշեն եկեղեցին, պապիկս, բռնելով ձեռքս, ինձ տարավ եկեղեցու դիմացի բլրակ ու ցույց տվեց տեղացիների լեզվով  «Աշոտ Երկաթի ոտքը»: Ես շատ զարմացա  իմ տեսած պատկերից․ իմ առջև բացվել էին խորը ձորի մեջ խիտ ծառերի կանաչ տեսարան և դրանում անզեն աչքով նկատելի ոտնահետք: Հիշում եմ, որ պապիկս ոգևորությամբ պատմեց, որ ըստ լեգենդի՝ սա Աշոտ Երկաթի ոտնահետքն է, ու ասաց. «Քեզ համար հետաքրքիր չէ՞, թե ինչպես է այսքան մեծ ոտնահետք այստեղ հայտնվել»:
    Ես կիսաշփոթված ասացի, որ կարծում եմ՝ մարդիկ հատուկ են տնկել ծառերն այնպես ու ազատ են թողել մի հատվածը, որ հեռվից այս տպավորությունը լինի:

    Սակայն պապիկս հպարտ դեմքով, ուրախացած նրանից, որ շարժել է իմ հետաքրքրությունը,  հավելեց, որ շատ վաղուց՝  իրենց լեզվով  «Սովետի ժամանակ», այստեղից գտել են մարդու գանգ, որը իր չափերով ամենևին էլ սովորական մարդու գանգ չէր, այլ հսկայի: Հետաքրքիրն այն է, որ պապիկս այնպես էր խոսում, կարծես ինչ-որ պետական գաղտնիք էր բացահայտում, որի իրավունքը չուներ:

    Գիտեմ, որ շատ շատերի մոտ հարց կարող է առաջանալ, թե ինչպես կարող է լինել այս լեգենդը հավաստի, եթե ոչ մի պաշտոնական տեղեկություն այս մասին չկա։ Ես կարող եմ հայտնել իմ սուբյեկտիվ կարծիքը․ միշտ չէ, որ բացահայտումներին մարդիկ պատրաստ են, և ես կարծում են կան շատ հետաքրքիր փաստեր, որոնց մասին գիտնականները նախընտրում են լռել: Քանի որ պապիկս այն տարիներին, երբ Լենինգրադից պեղումներ կատարողների խումբ է եկել նշված վայր, աշխատել է այնտեղ, անմիջական շփում է ունեցել նրանց հետ՝ լինելով այդ ժամանակաշրջանում ոստիկան և վարորդ: Կան տեղեկություններ, որ, ըստ իս, հավանաբար նա իմացել է և իրավունք չի ունեցել հրապարակելու:

    Հիշում եմ, որ այս պատմությունները էլ ավելի տպավորվեցին իմ մեջ, քանի որ պապիկս ոչ միայն պատմում էր այն, ինչին իմ կարծիքով անձամբ է ականատես եղել, այլ նաև ինքն էլ վերհիշելով, թե ինչ զրույցներ են հասել իրեն իր նախնիներից։ Ամենատպավորիչը հետևյալն է․ ասում են, որ բերդի անառիկ լինելու գաղտնիքը իր կառույցի մեջ օգտագործված նյութերն են։ Ըստ ավանդազրույցների՝ բերդը կառուցելու համար շրջակա գյուղերից հավաքել են հավկիթներ և այն խառնել են այն ժամանակ քարերը իրար միացնող կավանյութին հիմքը ավելի ամուր դարձնելու նպատակով: Իսկ թե ինչպես են մարդիկ 15 տոննա ծանրության քարերը դրել իրար վրա ու կառուցել բերդը․ այս միտքը ավելի է ստիպում խորհել ու հավատալ պապիկիս պատմություններին ու այն վարկածին, որ նախկինում մարդիկ շատ ավելի խելացի են եղել ու ֆիզիկապես ուժեղ։ Ինչպես վիպերգից մեզ ծանոթ Տորք Անգեղի դեպքում կարծես եղունգներով են հող փորել։ Պեղումների արդյունքում գտել են կավից պատրաստված խողովակի մնացորդները, որով ամրոց այն ժամանակ ջուր են հասցրել։ Պապիկս խնամքով մինչ օրս պահում է մի փոքրիկ կտոր այդ հսկա խողովակի գտածոյից։

    Իսկ բաղնիքի ավերակներին նայելիս անգամ առանց ուսումնասիրության կարելի է համոզվել ու զարմանալ X դարի մարդու խելացի լուծումներով։ Անշարժ է քարը, որի օգնությամբ ձիթապտղից յուղ են քամել։ Կարծես ժամանակը կանգ է առել ու չի համարձակվում իր կործանիչ ազդեցությունը թողնել, որ մարդիկ, ամեն անգամ այնտեղ գնալով, զգան դարերի շունչը։ Կարծում եմ՝ կլինեն շատ շատերը, որ այցելել են ու ուշադրություն չեն դարձրել վերոնշյալ հանգամանքներին, և քանի որ մենք ապրում ենք թանգարանում, որը բաց երկնքի տակ է, շատ հաճախ չենք նկատում այն, ինչը  զարմանք է առաջացնում այն օտարերկրացու մոտ, ով տեսել է Եգիպտական բուրգերը կամ հին աշխարհի առեղծվածային այլ բան։ Այնպես որ լավ է մեկ անգամ տեսնել, քան 100 անգամ լսել։

    Իսկ լեգենդներն ու ավանդազրույցները, որ եկել ու հասել են մեր օրեր, զուր չեն․ առանց կրակ ծուխ չի լինում։ Ես, տեսնելով  weekends.am ի  «Իմ օրագիրը» բաժինը, շատ ուրախացա ու կիսվեցի իմ պատմությամբ, ինչը խորհուրդ եմ տալիս և ձեզ։

     

Viewing 1 post (of 1 total)
  • You must be logged in to reply to this topic.