Այցելություն հեքիաթային Ալավերդի, որտեղ հանդիպեցինք հեքիաթների հերոսների

Home Forums Իմ օրագիրը Այցելություն հեքիաթային Ալավերդի, որտեղ հանդիպեցինք հեքիաթների հերոսների

Viewing 2 posts - 1 through 2 (of 2 total)
  • Author
    Posts
  • #2922
    Garik
    Participant

    Վերջերս որոշեցի հանգստյան օրերին այցելել Հայաստանի գեղատեսիլ մարզերից մեկը՝ Լոռի: Մեր երթուղին անցնում էր Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզով, որի ընթացքում ականատես եղանք մի շարք ճարտարապետական ու պատմական հուշարձանների, իսկ այնուհետև ի վերջո հասանք Լոռվա մարզ, մասնավորապես Ալավերդի: Մի քանի խոսքով ներկայացնեմ քաղաքի պատմական ակնարկը:

     Ալավերդի․ հանքարդյունաբերական քաղաք է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքում՝ Դեբեդ գետի նեղ կիրճի զառիթափ լանջերին և Սանահինի սարահարթում։ Որոշ աղբյուրների համաձայն՝ Ալավերդու տարածքը միջին դարերում հայտնի է եղել Մանասգոմեր կամ Մանից Գոմ անվանումներով։ Սակայն պատմական այս վայրը գտնվում է այժմյան Ալավերդի քաղաքից հյուսիս արևելք՝ մոտ 10 կմ հեռավորության վրա։

    Ալավերդին գտնվում է Հայաստանի հյուսիս–արևելյան զբոսաշրջային ճանապարհի խաչմերուկում և շրջապատված է բնապատմական հարուստ միջավայրով։ Այստեղ կարելի է տեսնել ինչպես անտառապատ սարեր և ձորեր, այնպես էլ քչքչան գետեր և լեռնային լճակներ։ Բնությունը հարուստ է վայրի մրգերով և հատապտուղներով։ Քաղաքին մոտ են գտնվում ՅՈւՆԵՍԿՕ–ի ցուցակում ընդգրկված 10-րդ դարի  Հաղպատի  և  966 թվականի Սանահինի վանքային համալիրները, 6-րդ դարի Օձունի եկեղեցին, 1171 թ․–ի Քոբայրի վանքը, 5–6-րդ դարի Հոռոմայրը, 1233 թվականի Կայան բերդը, 7–րդ դարի Սանահինի կամուրջը, Ախթալայի 10-րդ դարի վանքն ու բերդը, Դսեղ գյուղն՝ իր պատմական հուշարձաններով և թանգարաններով, որոնք համարվում են տարածաշրջանի պատմության խոսուն վկաները:

    Լինելով այստեղ՝ այցելեցինք Հաղպատի, Ախթալայի, Քոբայրի վանքեր, ինչպես նաև, կապված մեր մեծն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 ամյակի հետ, եղանք նրա ծննդավայր Դսեղում գտնվող տուն-թանգարանում:

    Թանգարանի հարևանությամբ գտնվում էր մի վագոն-տնակ, որտեղ ստեղծագործում ու աշխատում է ծնունդով Սպիտակ քաղաքից Անահիտ Աթոյանը՝ ասեղնագործելով թումանյանական ու այլ հայկական հեքիաթների հերոսների:

    Ի վերջո նշեմ, որ այստեղ բացահայտեցինք մի հետաքրքիր վայր ու պատմական քարանձավ, որը վերջերս դարձել է բացօթյա թանգարան ու հանգստի գոտի, ինչպես տեղացիների, այնպես էլ այցելուների ու զբոսաշրջիկների համար:

    Այստեղ են գտնվում ազատագրական պայքարի մասնակիցների անսասան կամքի ու համառության մարմնացում հանդիսացող երկու ամրոցներ՝ <<Զարնի Էրը>>, <<Պարնի Էրը >>, ինչպես նաև <<Ծակ Էր>> կոչվող քարանձավը, որտեղ ըստ պատմական աղբյուրների՝ ապրել ու ստեղծագործել է 11-12-րդ դարերի մտածող և փիլիսոփա Հովհաննես Իմաստասերը: Այս պատմական հուշարձանները երկար ժամանակ թաղված էին հողի բազմամյա շերտի և խիտ անտառային բուսականության տակ:

    Դեպի պատմական հուշարձաններ տանող ճանապարհը վերանորոգելուց հետո սկսվեցին աշխատանքներ տարածքը մաքրելու ուղղությամբ, իսկ թեք ժայռերի լանջերին փորվեցին աստիճաններ, որոնք բոլոր ցանկացողներին հնարավորություն են տալիս բարձրանալ մինչև անառիկ <<Պարնի Էր >> և հաղորդակցվել բնության ներդաշնակությանը: Ամբողջությամբ մաքրված և վերականգնված ամրոցներում ստեղծվեց պատմական թանգարան, որտեղ ցուցադրված են տեղական բնակչության կենցաղն ու մշակույթը ներկայացնող հազվագյուտ նմուշներ, մասնավորապես՝ արոր, լուծ, զնդան, կավե կժեր և տնային տնտեսության մեջ կիրառվող իրեր՝ ջահրա (ճախարակ), սանդերք և այլն:

    Այսպիսով՝ ավարտվեց այս կարճ, բայց միևնույն ժամանակ հետաքրքիր ու բովանդակալից պատմական ուղևորությունը դեպի մեր երկրի գեղատեսիլ վայրերից մեկը՝ Ալավերդի:

    #2993
    Arminka
    Participant

    Շատ գեղեցիկ լուսաբանում էր։  Եվ դեռ որքան  գողտրիկ ու  չլուսաբանված վայրեր կան Հայաստանում։ Շնորհակալություն կիսվելու համար։

Viewing 2 posts - 1 through 2 (of 2 total)
  • You must be logged in to reply to this topic.