Հավատով սպասում էինք քեզ, բայց…

Եվս մեկ հերոս կլրացնի Եռաբլուրի անմահ հերոսների հավերժ արահետը, հերոս Ռոբերտ Արտաշեսի Անանյանը, ով մեր թիմի համար շատ հարազատ մարդ էր, ում հավատով սպասում էինք երեքուկես ամիս և չէինք ուզում հավատալ, որ էլ չենք տեսնի: Ցավոք նրա մահվան բոթը երեկ հաստատվեց, և նա անմահացավ, որ մենք ապրենք: Նա դեռ շատ անելիքներ ուներ, բացառիկ անձնավորություն էր, նրա մահը մեծ կորուստ է ամբողջ ազգի համար:

Մաթեմատիկական փայլուն գիտելիքների համար սերժանտ Ռոբերտ Արտաշեսի Անանյանը նշանակվել էր հրետանային գումարտակի հրամանատարի օգնական, ծառայության ընթացքում առաջադրանքները փայլուն կատարելու համար արժանացել էր բազմաթիվ խրախուսանքների:

Նա փայլում էր ամեն ինչում, խելացի, տարածքային ակումբների շախմատի բազմակի մեդալակիր, հավատարիմ ընկեր, հոգատար եղբայր, ծնողներին սիրող հրաշք զավակ, շրջապատում բոլորի կողմից սիրված։ Չկար մեկը, որ չսիրեր Ռոբերտին։

Մի քանի ամիս էր մնացել, որ ավարտի ծառայությունը և վերադառնա, բայց…

Նա անմահացավ, երբ փորձում էր փրկել այրվող ընկերներին:

Հանգչի՛ր խաղաղությամբ, մե’ր հերոս, ամպերից վեր գտի՛ր խաղաղություն: