«ԹՌՉՆԱԲՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ – ՓԱՌԱՏՈՆ» Երևանում
Թռչունների միջազգային օրը՝ ապրիլի 1-ին, Դավթաշեն վարչական շրջանում կայացավ «ԹՌՉՆԱԲՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ – ՓԱՌԱՏՈՆ»: Նախապես հայտարարվել էր, որ փառատոնին կարող են մասնակցել անհատներ, ընտանիքներ, կազմակերպություններ՝ առանց տարիքային սահմանափակման։
Weekends.am նույնպես ներկա գտնվեց իր տեսակի մեջ յուրահատուկ այս միջոցառմանը։ Մանրամասների մասին զրուցեցինք ԷԼՄԻՐԱ ԱՆԴՐԻԿՅԱՆ-ի հետ /Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժին/, ով սիրով պատմեց մեզ միջոցառման մանրամասների մասին։
1․ –Ինչպե՞ս ծնվեց այս մտահաղացումը
–Դավթաշեն վարչական շրջանի մշակութային կյանքը յուրահատուկ դարձնելու համար, բացի ՀՀ պետական և ազգային տոներից, առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում նաև միջազգային նշանակություն ունեցող տոն-օրերին: Այս տարի որոշեցինք առանձնահատուկ դարձնել ապրիլի 1-ը՝ նշելով Թռչունների միջազգային օրը:
2․ –Ի՞նչ կոչ է ուղղում այս միջոցառումը հասարակությանը
–Յուրաքանչյուր միջոցառում կազմակերպելիս հատկապես ուշադրություն ենք դարձնում այն խորհրդին, որը ցանկանում ենք փոխանցել հասարակությանը: Ինչպես յուրաքանչյուր միջոցառում, «ԹՌՉՆԱԲՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ – ՓԱՌԱՏՈՆ»-ի համար առանձնացրել ենք հետևալ կարևոր նպատակները.
ներգրավել հասարակությանը շրջակա միջավայրի պահպանման գործում
պահպանել Երևան քաղաքում կանաչ տարածքները՝ որպես կենսաբանական միջոց
նպաստել թռչունների վերարտադրմանը՝ որպես կենդանական աշխարհի հարստություն
ձևավորել երեխաների և մեծահասակների մոտ բնության պահպանման մշակույթ
զարգացնել երեխաների ստեղծագործական ունակությունները
3. –Արդյո՞ք մասնակիցների թիվը գերազանցեց ձեր սպասելիքները։
–Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թռչունների միջազգային օրը առաջին անգամ է նշվում այս մասշտաբով, մենք կարծում էինք, որ մասնակիցների թիվը այնքան էլ մեծ չի լինի: Սակայն, ի զարմանս մեզ, մասնակիցների թիվը աննախադեպ մեծ է:
4.–Կրելու՞ են նման միջոցառումները շարունակական բնույթ:
–Հաշվի առնելով հասարակության մեծ հետաքրքրվածությունը և ակտիվ մասնակցությունը` վստահեցնում ենք, որ թռչնաբնի փառատոնը այսուհետ կընդգրկվի մեր ամենամյա մշակութային միջոցառումների շարքում:
Ստորև ներկայացնում ենք այս գունեղ փառատոնը ֆոտոշարքով։ Մյուս տարի, խոստանում ենք, մենք նույնպես կպատրաստենք թռչնաբուն և կմասնակցենք միջոցառմանը։