Weekends.am-ը Ամստերդամում
Այս անգամ Weekends.am-ը ուղևորվել է Ամստերդամ։
12-րդ դարում Ամստերդամը փոքրիկ ձկնորսական գյուղ էր, սակայն Նիդերլանդների Ոսկեդարյան ժամանակաշրջանում Ամստերդամը դարձավ աշխարհի կարևորագույն նավահանգիստներից և խոշորագույն առևտրային կենտրոններից մեկը։
Ամստերդամում են գտնվում բազմաթիվ տեսարժան վայրեր, ինչպիսիք են Վինսենթ վան Գոգի թանգարանը, Էրմիտաժը Ամստելի վրա, Ռեմբրանտի տուն-թանգարանը, Քաղաքային թանգարանը, հայտնի Կարմիր լապտերների թաղամասը և շատ այլ հետաքրքիր վայրեր, որոնք տարեկան գրավում են 4․2 միլիոն զբոսաշրջիկների ուշադրությունը։
Ամստերդամի զբոսաշրջային կարգախոսն է՝ «I amsterdam»-ը, որը նմանվում է անգլերեն «I am Amsterdam» արտահայտությանը, թարգմանաբար՝ «Ամստերդամը ես եմ»։
Ամստերդամը հետաքրքիր է նաև իր «լողացող տներով», որոնք հիմնականում ծառայում են որպես weekend homes, քանի որ այստեղ տան տերերը մեծ մասամբ անցկացնում են իրենց հանգստյան օրերը և տոները։
Խորհուրդ կտանք, եթե անգամ մի քանի ժամով լինեք Ամստերդամում, անպայման նավակով շրջեք տեղանքով․ դա ձեզ ընդհանուր պատկերացում կտա ամբողջ քաղաքի մասին և անմոռանալի տպավորություններ կպարգևի։ Նավակի տոմսը կարող եք գնել տեղում կամ նախապես պատվիրել համացանցով։
Ամստերդամում է գտնվում նաև հսկայական կենդանաբանական այգի Artis Zoo-ն, որում կան 750 տեսակ կենդանիներ և 300 տեսակ բույսեր։
Ինչ վերաբերում է նրանց հայտնի պանրին, նշենք, որ պանիրը այստեղ վաճառվում է ամեն քայլափոխի․ խնդիրը այն է, թե ինչպես ընտրել ամենալավը։
Որպես փոխադրամիջոց՝ զբոսաշրջիկների համար հարմար են տրանվայները՝ ավանդական և արագընթաց, որոնք մատչելի գներով ձեզ կտեղափոխեն մի վայրից մյուսը։
Իսկ ընդհանրապես Ամստերդամում հիմնական փոխադրամիջոցը հեծանիվն է, այստեղ դուք ամենուրեք կհանդիպեք հեծանվորդների։
Մեր հաջորդ հոդվածներում մենք առանձին կներկայացնենք weekends.am-ի այցելությունները Վան Գոգի թանգարան, Ռեմբրանտի տուն-թանգարան, Էրմիտաժ Ամստելի վրա, որտեղ մեր այցելության ժամանակ կայանում էր թագավորական սպասքի ցուցադրություն՝ բերված Սանկտ Պետերբուրգից։